Կառավարությունը որոշել է, որ ապրիլի 1-ից գազը լցակայաններում կվաճառվի կիլոգրամներով։
Մկրտիչ Տիգրանյանը կարծում է, որ գազալցակայաններում վաճառվող գազի գինը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է։
«Խորանարդ մետրով վաճառելու ժամանակ և ջերմաստիճանի ու այլ գործոնների միջոցով հնարավոր է ազդել խորանարդ մետրի ծավալի վրա, իսկ կիլոգրամը հստակ է, ճշգրիտ չափման միավոր է»,– ասում է Տիգրանյանը։
Նրա խոսքով` փոփոխության արդյունքում լցակայաններում տեխնիկական վերազինման անհրաժեշտություն չի առաջանա։
«Լրացուցիչ ներդրումների կարիք չկա։ Այն սարքերը, որոնք այսօր տեղադրված են գազալցակայաններում, հիմա էլ գազը կշռում են»,– ասում է մասնագետը։
Տիգրանյանը հերքում է գազի գնի կամայական թանկացման հնարավորությունը` նշելով, որ գազի շուկան Հայաստանում մրցակցային է։