ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի բիզնես ոլորտում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը շուտով կամրագրվի նաև իրավաբանորեն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով` խնդիրը վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք վարորդ են աշխատում հենց բիզնեսի ոլորտում։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև նախնական պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ երկրների համար այդ արգելքը չեղարկվի», – ասաց Մելքումյանը։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը Երևան իր այցելության ընթացքում նշել էր, որ ուրախ է առաջինը հայտնել այդ լուրը։ Հարցը կլուծվի օրենսդրական մակարդակով։
«Կոնկրետ ժամկետներ նշել չենք կարող, սակայն դա երկար չի տևի, քանի որ հարցը շատ արդիական է», – ասաց Մելքումյանը։
Ինչպես նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանը Կալաշնիկովը բառացիորեն հայտարարել էր` «համարեք, որ հարցն արդեն լուծված է»։
Նա հույս էր հայտնել, որ գործընթացը չի ձգձգվի։
Կալաշնիկովը Հայաստան էր այցելել փետրվարի կեսերին և մի շարք հանդիպումներ անցկացրել ԱԺ ղեկավարության, ինչպես նաև վերջերս ստեղծված ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Նշենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։ Խնդիրը Հայաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել այն մասին, որ հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդները կարող են աշխատել Ռուսաստանի տարածքում։