ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը հետզհետե զարգանում է, սակայն ի տարբերություն շատ երկրների, ավելի արագ աճում է ոչ թե էլեկտրոնային առևտուրը, այլ առցանց ծառայությունների ոլորտը (տաքսի, սննդի առաքում, կոմունալ վարձերի վճարում և այլն)։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ աճը դեռ այդքան էլ արագ չէ, քանի որ առևտրի այլ տեսակին սովոր քաղաքացիները կանխակալ մոտեցում ունեն։ Շատերը վախենում են առցանց գործարքներից կամ պարզապես չեն կարողանում դա անել։
Ոմանք էլ նախընտրում են էլեկտրոնային դրամապանակները, և, ըստ փորձագետի, այդ ծառայության պահանջարկի աճը ստիպում է ենթադրել, որ շուտով բանկերը կսկսեն հաճախորդի համար պատերազմել իրար հետ։
«Նաև հայկական շուկայի մրցունակության հետ կապված խնդիր կա։ Այս պահին էլեկտրոնային ճանապարհով գնված ապրանք ավելի շատ ներմուծվում է, քան արտահանվում։ Ավելին` մարդիկ խանութում փորձում են երևանյան հագուստը, բայց պատվիրում են համացանցով, իսկ դա վնասում է տեղական բիզնեսին», – ասաց նա։
ONEX առաքման էլեկտրոնային համակարգի հիմնադիր Սամվել Մարտիրոսյանը (նախորդ խոսնակի անվանակիցը) նշեց, որ իրենց ընկերության միջոցով տասնյակ հազարավոր պատվերներ են Հայաստան գալիս, իսկ արտահանման ծավալն ընդհանուր առմամբ փոքր է։
Եթե նույնիսկ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ինչ–որ բան ուղարկում են, ապա Եվրոպա ու ԱՄՆ ուղարկվող ապրանքների մեծ մասն առցանց խանութներին վերադարձվող իրերն են։
«Լոգիստիկայի հետ կապված խնդիրներ էլ կան։ Բեռնատար օդանավերը Հայաստան չեն գալիս, ինչը բարդացնում է բեռների առաքումը։ Ապրանքը ինքնաթիռով հասնում է Վրաստան, իսկ հետո այնտեղից բեռնատարներ մեքենաներով գալիս է Հայաստան, բնականաբար, դա անդրադառնում է գների վրա», – նշեց Մարտիրոսյանը։
Հայաստանում գործող բանկերից մեկի ներկայացուցիչ Լիլիթ Գևորգյանն էլ կարծում է, որ էլեկտրոնային կոմերցիայի զարգացումը կարող է լրջորեն առաջ մղել փոքր ու միջին բիզնեսը. նրանք կարող են տնտեսել տարածքի վարձակալության ու գովազդի հաշվին։
«Մենք արդեն որոշակի հաջողությունների ենք հասել ծառայությունների ոլորտում, մասնավորապես` տաքսի ծառայությունների։ Ի սկզբանե քաղաքացիներն ու վարորդները ոչ միանշանակ էին ընդունում քարտով վճարը, իսկ հիմա բնակչության մեծ մասը վճարման հենց այդ տեսակն է նախընտրում», – ընդգծեց Գևորգյանը։
ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանը նշեց, որ երկրի օրենսդրությունը չի խանգարում էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը, բայց որոշ խնդիրներ են առաջանում ստվերային գործունեության հետ, մասնավորապես ` առանց թույլտվության առևտրի իրականացումը։ Սակայն ինչպես կոմիտեն, այնպես էլ իրավապահ մարմինները մոնիտորինգներ են անցկացնում ու բացահայտում անբարեխիղճ առևտրականներին։
Միաժամանակ Մուրադյանը կարծում է, որ նպատակահարմար չէ արտոնյալ պայմաններ ստեղծել առցանց վաճառողների համար, քանի որ դա կարող է ապրանքի սովորական վաճառողների հետ անհավասար մրցակցության հանգեցնել։