ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. National Instruments ընկերության հայկական մասնաճյուղն ավտոմեքենաների համար «խելացի» համակարգեր է ստեղծում։ Համակարգի նոր մոդելը ներկայացրեցին Երևանում անցկացվող DigiTec 2018 ցուցահանդեսին։
Ճանապարհին նախկինի պես պետք է անձամբ հետևեք, սակայն համակարգը կօգնի այդ հարցում։ Եթե ավտոմեքենան սկսի շեղվել իր երթևեկելի գոտուց, ապա վարորդին ազդանշան կտրվի։ Իսկ եթե վթար սպառնա, ապա համակարգն ինքնուրույն կարգելակի։
«Դեռ փորձարկում ենք այդ համակարգը փոքր արագությունների համար», – ասում է National Instruments–ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Ռուբեն Սիմոնյանը։
Համակարգը տեղադրել են էլեկտրոմոբիլի վրա և դրան ավելացրել էներգաարդյունավետ նորույթ։ Երբ վարորդը արգելակում է, մեխանիկական էներգիան վերափոխվում է էլեկտրականի և փոխանցվում մարտկոցին։
Տեխնոլոգիայի վրա աշխատում են ոչ միայն ընկերության մասնագետները, այլև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները։ ԱՄՆ–ում` ընկերության գլխամասում, ակտիվորեն կիրառում են հայ աշխատակիցների մշակումները և արդեն առաջարկներ կազմում ավտոմեքենաների խոշոր կոնցերների համար։
DigiTec ամենամյա ցուցահանդեսը ներկայացնում է «hi-tech»–ի ձեռքբերումները Հայաստանում։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (UATE) է։