ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու:
Այս մասին տեղեկացնում է Ermeniahaber.am կայքը։
Նշվում է, որ դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար:
Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին, նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով, որի ընթացքում վերջինը պետք է կարդա դատարանի կողմից ներկայացված գրքերի ցանկը և կազմի դրանց համառոտագրերը:
Հետաքրքրական է, որ 24 գրքից կազմված ցուցակում կան Էրդողանի կենսագրությունը ներկայացնող, ինչպես նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի վերաբերյալ գրքեր: Ցանկում կան Աթաթուրքի ճառերի վերաբերյալ, ղուրանի, իսլամի ու այլ թեմաներով գրքեր:
Գիրք կարդալու դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ինքը որոշել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ գրքերը ու կարդալ: