ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Կան համայնքապետներ, որոնք ընտրվել են տարբեր չարաշահումների արդյունքում, և այսօր որոշ համայնքների բնակիչների կողմից կա արդարացի պահանջ։ Համայնքի բնակիչները չեն ցանկանում այլևս աշխատել այդ համայնքապետի հետ։
Խնդրի լուծման համար Տարածքային կառավարման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքի փոփոխություն։ Նախարարը չմանրամասնեց, թե ինչ փոփոխություններ են արվելու, բայց նշեց, որ համայնքի անցանկալի ղեկավարից ազատվելու իրավունքի հիմքում պետք է լինի հանրաքվեի ինստիտուտը։
«Հանրաքվեով համայնքը կարտահայտի` կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը, թե ոչ։ Սա չի վերաբերում բոլոր համայնքներին, այլ միայն խնդրահարույցներին»,– ասաց Պապիկյանը։
Լրագրողների հարցին, թե ինչպես են որոշվելու խնդրահարույց համայնքները, Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք առաջնորդվում կուսակցական պատկանելությամբ, մենք չենք առաջնորդվում կուսակցական ռասիզմով։ Մեզ համար կարևոր է համայնքի բնակչի ցանկությունը և ձայնը»,– ասաց նա։
Որպես ապացույց Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում որևէ թեկնածու չի առաջադրել ու չի հայտարարել նրանց պաշտպանելու մասին` անգամ եթե նրանք ՔՊ անդամներ են։
Նախարարի խոսքով` համայնքի ղեկավարներից դժգոհող գյուղերն այսօր Հայաստանում մի քանիսն են։ Հենց այդ համայնքների բնակիչների խնդիրը լուծելու համար է, որ նախարարությունը նախաձեռնել է տեղական հանրաքվեներ նախատեսել ՏԻՄ օրենքներում։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի նոր ընտրություն է նշանակվում միայն գործող համայնքապետի հրաժարականի, մահվան կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում։