ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է գրիպից մահանալու 1 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը, մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նախարարությունը հայտնում է, որ, չնայած իրավիճակի կայունացմանը, հիվանդանոցներում դեռ մնում են ծանր հիվանդներ, որոնց վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելն ու ուղեկցող հիվանդությունների առկայությունը։
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Նախարարությունը վստահեցնում է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով հաճախող երեխաների թիվը նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա, 51-ը`Երևանում, 69–ը` մարզերում։