ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում պետք է լինի կանխատեսելիություն, մշտականություն և միմյանց մտադրությունների ըմբռնում։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Երկկողմ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են ԵվրԱզԷՍ, ԱՊՀ, ՀԱՊԿ ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ Կանխատեսելիությունը կարևոր է, երկու կողմն էլ հասկանում են դա։ Մեզ պետք է կայունություն, պարզություն, միմյանց մտքերի ու մտադրությունների ըմբռնում», – ասաց Կարասինը։
Նա նշեց, որ աշխատանքային այցով է Հայաստանում։ Երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, շատ հանգամանալից զրույց է ծավալվել։
«Մենք օրվա գրեթե կեսն անցկացրինք երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկելով», – ասաց Կարասինը։
Նա ընդգծեց, որ կողմերը պայմանավորվել են շատ սերտ կապեր պահպանել նաև միջազգային հարթակներում (ՄԱԿ–ի ու ԵԱՀԿ–ի շրջանակում)։
Առաջիկայում կկայանա առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախաստեսվում է նաև, որ փետրվարին միջկառավարական հանձնաժողովի նախագահները կհանդիպեն ու կքննարկեն բոլոր խնդիրները։
Կարասինն այսօր Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանում մասնակցեց Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված էր նրա մահվան 190–րդ տարելիցին։