ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետև շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը»,– նշված է հոդվածում:
Թերթը հիշեցնում է` Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել և հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերևս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, և կարող է այս հարցում ևս օգտակար լինել իշխանություններին:
Կոստանյանը Հայաստանի գլխավոր դատախազն է եղել 2013-2016 թվականներին։