ԵՐԵՎԱՆ, 29 Հունվար — Sputnik. Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Հանդիպումը ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարգացման համատեքստում էր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Անդրեյ Բարիշնիկովը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը:
Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի և 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության» ծրագրի համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինքնաձիգների համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները: