ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Ռոդնոյ գորոդ» պարբերականին տված հարցազրույցից հետո գործարար Գրիգորի Գևորգյանը Վոլգոգրադի հերոս է դարձել։
Տղամարդը 20 տարի առաջ ընկել է ծառից, և այդ դեպքը ճակատագրական է դարձել. ողնաշարի վնասվածքի պատճառով նա չի կարողացել քայլել։ Այսօր Գրիգորյանն առաջին կարգի հաշմանդամ է։
«Չէ՞ որ հայ եմ, ինձ միշտ ձգել են լեռները, իսկ Վոլգոգրադում դա խնդիր է... Ի՞նչն էր ինձ ստիպել ծառ բարձրանալ։ Մի խոսքով, ընկա։ Եվ վերջ։ Հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնվեցի», – սարսափելի օրն այսպես է հիշում Գևորգյանը։
Այդ ժամանակ Գրիգորին շատ էր ճանապարհորդում և իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր տարբեր երկրներում, քանի որ զբոսաշրջային գործակալության տնօրեն էր։ Երբ բժիշկները հայտնեցին սարսափելի նորությունը` ողնաշարի վնասվածք և հաշմանդամության աթոռ, նա խուճապի մատնվեց։
Գրիգորին կարողացավ ոտքի կանգնել դեպքից 5 ամիս անց, բայց միայն երկու տարի անց իջավ 5-րդ հարկից և փողոց դուրս եկավ։ Գործարարը չէր կարողանում նստել 4 պատի մեջ, որովհետև հայրը սովորեցրել էր երկու ամսից շատ նույն տեղում չմնալ։
Տղամարդը հասկացավ, որ շատ կարևոր է զբաղվել սեփական անձով և դեպրեսիայի մեջ չընկնել։
Հենց այդ ժամանակ Գևորգյանը հիշեց Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը։ Ամբողջ մանկությունը Լենինականում (այժմ Գյումրի) էր անցկացրել և գիտեր քաղաքի բոլոր ծակուծուկերը, ճանաչում էր բոլորին։ Նա Լենինական էր մեկնել ողբերգությունից 5 օր անց և դագաղներ ու ավերակներ էր տեսել ծաղկող փողոցների ու հարմարավետ տների փոխարեն։
«Իսկական ողբերգություն էր։ Հիշեցի դա ու հանկարծ հասկացա, որ իմ անձնական խնդիրը մանրուք է այն բանի համեմատ, ինչ տեղի էր ունեցել իմ սիրելի քաղաքում։ Դա օգնեց ինձ գիտակցել, որ պետք է շարունակել ապրել ու մեղավորներ չփնտրել ինձ հետ տեղի ունեցածի մեջ», – խոստովանում է ճանապարհորդը։
Գրիգորին սթափվեց և սկսեց գումար վաստակել կայքերի մշակմամբ։ 2007 թվականին նրա պատմությամբ հետաքրքրվեն ԱՄՆ–ում և Բոստոն հրավիրեցին։ Ուղևորությունը նրան ոգեշնչեց, և նա վարորդական իրավունք ստացավ, նստեց ղեկի դիմաց և վերադարձավ մշտական ճանապարհորդություններին։
«Վերադարձա այն վիճակին, երբ չեմ կարող տանը երկու ամսից երկար նստել, և ինձ դա դուր եկավ», – ժպիտով ասում է հայը։
Նրա խոսքով` աշխարհում շատ են բարի մարդիկ։
«Ես դա հասկացա երկրաշարժից հետո. այն ժամանակ օգնության էին հասել անկախ ազգությունից և կրոնից», – նշում է Գևորգյանը։
Ամեն անգամ, երբ տղամարդը ճանապարհորդում է տարբեր երկրներում, համոզվում է, որ բարությունն անսահման է։