ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի քաղաքացիներն այսուհետ Հայաստան կգան առանց ՀՀ մուտքի արտոնագրերի։ ՀՀ կառավարությունն այս որոշումը կայացրեց այսօրվա նիստում։
Փոխարենը Հոնկոնգն էլ նույնպիսի ռեժիմ կսահմանի ՀՀ քաղաքացիների համար։
Որոշման համար հիմք է ծառայել վիճակագրությունը, որի համաձայն Չինաստանի այս տարածաշրջանից տարեցտարի ավելանում է զբոսաշրջային և գործնական այցերի թիվը։
Որոշումը, կառավարության համոզմամբ, կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստանում, Հոնկոնգի շրջանում ու հարակից այլ երկրների տարածքում, քանի որ ՉԺՀ Հոնկոնգի շրջանը հանդիսանում է տարածաշրջանի ֆինանսաբանկային կարևոր կենտրոններից մեկը:
Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից: