ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանի հեռավոր լեռնային մարզերում` Գեղարքունիքում և Վայոց Ձորում, նոր դասընթացներ կանցկացնեն ծրագրավորողների համար։ Ընդ որում` այդ դասընթացները ոչ երևանյան կազմակերպություն կիրականացնի։
«Մենք պատրաստ ենք ուսանողներին երկու մասնագիտություն սովորեցնել` ծրագրավորում և բջջային հավելվածների կազմում», – պատմում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը։
Ավելի քան տասը տարի առաջ Գյումրում ծրագրավորողներ գրեթե չկային։ Երբ այստեղ եկան առաջին ընկերությունները (Instigate և Virage Logic), նոր կենտրոնը սկսեց նրանց համար մասնագետներ պատրաստել։ Այն ստեղծվել է «Հայ օգնության ֆոնդ» ամերիկյան կազմակերպության աջակցությամբ` ԱՄՆ–ից, Ռուսաստանից և այլ երկրների ստացված մասնավոր նվիրատվություններով։
Այժմ Գյումրում մի քանի խոշոր և տասնյակ փոքր ՏՏ ընկերություններ կան, որտեղ քանի հարյուր մարդ է աշխատում, հիմնականում` գյումրեցիներ, որոնք ստիպված չեն եղել աշխատանքի համար տեղափոխվել Երևան։
Գյումրեցի ծրագրողներն իրենց մաշկի վրա են զգացել, թե որքան լավ է հարազատ քաղաքում ապրելն ու աշխատելը և հիմա ուզում են օգնել Գավառի և Եղեգնաձորի ուսանողներին։
Սևանա լճի ափին փռված Գավառը համարվում է «օղու երկիր», որտեղ ձմռան երկար ամիսներին սիրում են մի քիչ խմել` տաքանալու համար։ Իսկ Եղեգնաձորը համարվում է «գինու երկիր»։ Եվ որքան էլ օղին տարածված լինի ամբողջ Հայաստանում, այստեղ պահպանում են գինու ավանդույթները։
Չմոռանալով հին ավանդույթները` այստեղ ցանկանում են ստեղծել նորերը։ Գավառում և Եղեգնաձորում կբացվեն ծրագրավորման առաջին ուսումնական կենտրոնները։
«Սկզբում կլինի ներածական մաս` մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն, իսկ դրանից հետո` մասնագիտացման երկու ուղղություններ։ Առաջինը` java script, երկրորդը` C++ և iOS բջջային հավելվածները։ Այս փուլում ուսանողները պրակտիկա կանցնեն ընկերություններում։ Նորեկների թիմը իրական աշխատանքային հանձնարարություններ կկատարի», – պատմում է Եղոյանը։
Ցանկանում են ընդունել 50 հոգու, ընտրելու են մաթեմատիկայի գիտելիքների և տրամաբանական կարողությունների հիման վրա։ Տարիքային սահմանափակումներ գրեթե չեն դրել` 17-41 տարեկան։ Այսինքն ընդունվել կարող են շրջանավարտները կամ նույնիսկ ավարտական դասարանների աշակերտները։ Եղոյանն ավելացնում է` դասընթացը դասընթաց, բայց բուհում սովորելը կարևոր է։
Գավառում առաջին շրջանավարտներին արդեն սպասում է Luseen Technologies ՏՏ հիմնադրամը։ Հիմնադրամի շնորհիվ արդեն հավաքվել է ծրագրավորողների թիմ, որը կատարում է բջջային հավելվածների պատվերներ։
«Բայց երկու քաղաքներում էլ ստեղծվելու են նաև նոր ստարտափեր։ Որպեսզի դա տեղի ունենա, դասընթացների ընթացքում մենք դասավանդելու են նաև ձեռնարկատիրության հմտություններ», – հավելեց Եղոյանը։
Եվս մի ծրագիր` արդեն ինժեներային գիտություններով, նախատեսված է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որը կառավարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Առաջիկայում այստեղ ընդունելություն կհայտարարեն։