ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ը կարող է վերածվել թանգարանի։ Այսօր այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թանգարանի գաղափարը հետաքրքիր է համարում, թեև դժվարանում է միանշանակ ասել` կիրագործվի այն, թե՞ ոչ։ Փոխարենը վստահ է, որ այս շենքը որպես ՔԿՀ այլևս ծառայել չի կարող, անգամ վերանորոգումն օգուտ չի տա։
«Մի քիչ դժվար եմ պատկերացնում այդտեղ վերանորոգումը: Դուք գիտեք՝ օդափոխման համակարգ չկա, ամբողջ այդ գարշահոտը, կոյուղին: Գուցե ֆինանսապես ավելի ձեռնտու կլինի ընդհանրապես նորը կառուցել»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև խոստացավ, որ որպես հանձնաժողովի նախագահ հետամուտ է լինելու ՔԿՀ–ներում մարդու իրավունքների պաշտպանությանն ու այս հարցով պարբերաբար քննարկումներ է հրավիրելու։
Հիշեցնենք` ԱԺ–ն արդեն 3 օր է քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Մինչ փակ գաղտնի քվեարկությունը պատգամավորները հարցեր են ուղղում առաջադրված թեկնածուներին։
ԱԺ երեք քաղաքական ուժերի որոշմամբ` 11 հանձնաժողովներից 8-ը գլխավորելու են «Իմ քայլը», 2–ը` «Բարգավաճ Հայաստան», 1-ը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։