ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ողնուղեղի վիրահատությունը ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքի բնակիչ Ջո Թարաքջյանին մի քանի ամսով գամել է հաշմանդամության սայլակին, բայց նա չի հուսալքվել և հիվանդության ընթացքում կազմել է իր ընտանիքի ամբողջական տոհմածառը։
Հայ տղամարդը դարձել է North Jersey Record ամերիկյան թերթի հերոսը։ Պարբերականի թղթակիցներն այցելել են Ջոյին։
«Օգտագործել եմ հնարավոր բոլոր ռեսուրսներն ամբողջ աշխարհով մեկ սփռված բարեկամներիս գտնելու համար», – խոստովանել է Թարաքջյանը։
Տղամարդը պարզել է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության տարիներին ընտանիքով փախել են Սիրիա, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա, որտեղից կարողացել են նավ նստել և մեկնել Ամերիկա։
Նա կապ է հաստատել ԱՄՆ–ում գտնվող բարեկամների հետ, որոնց մեծամասնությունը, ինչպես և Ջոյի նախնիները, Ամերիկա են հասել 1911 թվականին «Ռոմա» նավով։
«Պարզվել է` Ջոյի հեռավոր բարեկամներից մեկն այն համալսարանի դեղաբանության ֆակուլտետի դեկանն է, որտեղ սովորել է Թարաքջյանը, ինչն ապշեցրել է ոչ միայն Նյու Ջերսիի բնակչին, այլև նրա դասախոսին», – գրում է պարբերականը։
Արդյունքում Թարաքջյանին հաջողվել է վերականգնել ամբողջական տոհմածառը։
60-ամյա հայն ավարտել է այն գործը, որը սկսել էր նրա հորեղբորորդի Ռայմոնդ Բայլոունին ավելի քան 3 տասնամյակ առաջ։