ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում է ստացել։ Այդ մասին նա գրել է Instagram–ի իր էջում։
«Ինձ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կրծքանշան և վկայագիր հանձնեցին։ Արդյունքի հասնելու միակ ճանապարհը տքնաջան աշխատանքն է», – լուսանկարին կից գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա հաղթանակը ոգեշնչել է բաժանորդներին և երկրպագուներին։ Շատերը մեկնաբանությունների մեջ շնորհավորանքներն են գրել։
«Շնորհավորում եմ, ախպերո», «Սրտանց շնորհավորում եմ։ Այն դեպքը, երբ կոչումն արդարացնում է անվանումը», «Իսկ ֆուտբոլիստներին աշխարհի առաջնության 8-րդ տեղի համար էլ են տալիս», «Եթե միջազգայնագետի վկայագիրն այլևս քեզ պետք չէ, կարող ես ինձ փոխանցել», – գրել են նրանք։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ստեփան Մարյանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկի էր նվաճել։ Երեք տարի առաջ Մարյանյանն իր կյանքի առաջին խոշոր հաղթանակը գրանցեց Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերում։ Դրան հաջորդեց աշխարհի առաջնության անհաջողությունը (2015 թվական), և նա բաց թողեց Ռիոյի օլիմպիադան, անցած տարի էլ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ։