ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ ու պատվավոր կոչումներն է հանձնել մի խումբ գործիչների: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է ստացել ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:
«Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է և դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,-նշել է նախագահը` շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգևների և պատվավոր կոչումների արժանացած գործիչներին։
Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանք իրենց պարտականությունները կատարելիս երբեք չեն մտածել գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: