ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է այսօր կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
«Քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն:
Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք՝ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգևատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- թերթին ասել է ԱԳՆ իրենց աղբյուրը:
Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում: «Կա պոտենցիալ և իրական մտահոգություն: Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ինչն այս պահին չկա»,-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։