ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik, Մանվել Մարգարյան. Աշխատելու նպատակով Հայաստան եկած օտարերկրացիները նպաստում են դեմպինգային մրցակցության ձևավորմանը, ինչը կարող է բիզնեսի քրեականացման ու մի շարք այլ խնդիրների հանգեցնել, կարծում է վերուծաբան Հայկ Բալայանը։
«Հայաստանը լցվում է անորակ ու էժան աշխատուժով: Ներգաղթյալները կոպեկներով աշխատում են սպասարկման ծառայություններ մատուցող կետերում, գյուղատնտեսության մեջ ու փաստացի նպաստում տնտեսության ամենաարատավոր մոդելի հաստատմանն ու դեմպինգային մրցակցության ձևավորմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբանը:
Հայաստանը չունի միգրացիոն բոլոր խնդիրները կարգավորող համապարփակ օրենք։ Մասնագետների կարծիքով՝ նորմատիվային բազան հնացած է և բազմաթիվ կարգավորումներում չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված և արդյունավետ գործարկվող մոդելներին: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում միայն Հնդկաստանից մեր երկիր է ժամանել 28659 մարդ: Մասնագետներն ահազանգում են, որ միգրանտների հետ կապված խնդիրներն ի վերջո հանգեցնելու են ուժեղ ազգային հակազդեցության ու ներքին լուրջ խմորումների, որովհետև պետությունը տեղյակ չէ, թե ինչու և ինչպես են հազարավոր մարդիկ գալիս Հայաստան, ինչ իրավունքով են ընդհանրապես դրսից մարդիկ գալիս ու հեշտությամբ աշխատանքի տեղավորվում` բիզնեսին ազատելով նոր տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորությունից: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեր երկրում չի դադարել ուղեղների արտահոսքն ու բարձորակ մասնագետների արտագաղթը:
Բալանյանի համոզմամբ՝ գործում է նույնիսկ կոռուպցիոն սխեմա: Կան միջնորդներ, որոնք դիմավորում են Հայաստան ժամանող միգրանտներին, տեղավորում են էժան աշխատանքի, և նրանք հիմնականում աշխատում են ստվերում՝ խուսափելով հարկային դաշտից: Վերլուծաբանը պնդում է՝ անկառավարելի միգրացիայի հետևանքով կարող է տեղի ունենալ տեխնոլոգիական մոդեռնիզացիայի կանգնեցում, երրորդ աշխարհի տնտեսական մոդելի ներմուծում, թաքցված աշխատուժի շահագործում, աշխատանքային օրենսդրության խախտում, բիզնեսի քրեականացում, այդ թվում` միջազգային մասշտաբով:
Հայաստան ժամանած ոչ բոլոր միգրանտներն են հաջողակ: Նրանցից շատերը ժամանակի ընթացքում մնում են առանց աշխատանքի ու եկամտի աղբյուրի և վերադառնալու հնարավորություն չեն ունենում: Նման պայմաններում նրանք դիմում են զանազան ապօրինությունների ու հանցագործության: 2017թ.-ի օգոստոսի դրությամբ՝ Հայաստանում 2500 դատապարտվածներից 79-ը օտարերկրացիներ էին։ Ըստ բանտարկյալների թվի՝ «առաջատար էին» Վրաստանի քաղաքացիները՝ 22 մարդ, Ռուսաստանից՝ 16-ը և Իրանից՝ 10-ը։ Օտարերկրացի դատապարտյալների շարքերում կան նաև այնպիսի էկզոտիկ երկրների քաղաքացիներ, ինչպիսիք են Նիգերիան, Կոնգոն, Դոմինիկյան Հանրապետությունն ու Բանգլադեշը: Անշուշտ, օտարերկրացի դատապարտյալների թիվն անհամեմատ մեծ է, պարզապես նրանցից շատերը արտահանձնվում են և հետագա պատիժը կրում իրենց երկրներում: Հայաստանում օտարերկրացինները դատապարտվում են հիմնականում թմրանյութերի պատրաստման, դրանց ապօրինի տեղափոխման, կողոպուտի, գողության, խարդախության համար։
Բալանյանի կարծիքով՝ ամբողջ աշխարհի ծավալով էժան աշխատուժի թիվը միլիոնների է հասնում, և շատերը տեխնոլոգիական զարգացման փոխարեն միշտ էլ կգտնեն ավելի էժան անգրագետի, որպեսզի շահագործեն, միայն թե փող չծախսեն տեխնիկայի, կրթության, սեփական որակավորման զարգացման, նոր որակի տնտեսավարում նախաձեռնելու կամ թեկուզ հայերին բարձր աշխատավարձ վճարելու համար:
Դաշտը, ինչ խոսք, օրենսդրական կարգավորման կարիք ունի: Մեզանում տարիներ շարունակ միգրացիայի տարբեր ոլորտները կարգավորվել են առանձին օրենքներով ու կառավարության որոշումներով։ Հաճախ այդ օրենքները շատ խնդիրներ թողել են իրականացնող պաշտոնյաների հայեցողությանը, ինչը հարց է առաջացնում միգրացիոն խնդիրների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության հնարավորության և արդյունավետության մասին։ Քանի դեռ չեն լրացվել օրենսդրական բացերը, մեր երկիրը շարունակելու է առերեսվել միգրանտների հետ կապված խնդիրներին, որոնք գնալով մեզ համար դառնում են կենսական մարտահրավերներ: