ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ:
Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Վիդոդոյին և Ինդոնեզիայի ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:
Վերջին տվյալներով Ինդոնեզիայում 334 է մարդ զոհվել Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ցունամիի հետևանքով։ Պաշտոնական տվյալներով` 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ինդոնեզիայի ափերին ցունամին մոտեցել էր շաբաթ երեկոյան։ Ավելի քան 3000 մարդ է տուժել բնական աղետից։