ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս հայտնեց, որ ռուսական գազի վերաբերյալ բանակցությունները հաջող կընթանան։
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ պետք է թանկանա։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Ես հիմա չեմ ուզում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան», - ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Կոզակից նամակ էր ստացել ռուսական գազի սակագնի բարձրացման մասին (150-ից 215 դոլարի)։ Ավինյանի մամուլի քարտուղարը հերքել էր այդ տեղեկությունը։
Հիշեցնենք` «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։
Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։