ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Երեկ` դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրան ազատ արձակեցին 25 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը: