ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը որևէ բանակցություն չի վարում երկրի տարածքում երրորդ երկրների զինվորականների տեղակայման վերաբերյալ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, վերահսկվում մեր կողմից։ Այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ։ Դրանք ունեցել են, ունեն և կունենան քաղաքացիական բնույթ», – ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ռազմական ներկայության խնդիր չկա։
«Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման մասին»,– ասաց Նաղդալյանը։
Հիշեցնենք` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։ Դրան ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։