ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում գրանցված ավտոպատահարը ողբերգական ավարտ է ունեցել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Երեկ` դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ի սահմանում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը` 5 տարեկան Միլենա Գրիգորյանը, տեղում մահացել է։
Վարորդը և ուղևորներից երկուսը` Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանն ու 14-ամյա Մարտիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Մյուս ուղևորները` Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի աղջիկն էր: