ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Արցախի առաջնագծերից մեկում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 2 սպա տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը և հավելում, որ վիրավորում ստացած պաշտպանության բանակի սպաները Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանն են։
Հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։
Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Կրկին Shamshyan.com-ի տեղեկություններով` Ապարանի զինկոմիսարիատից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։
Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան Արցախի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն ասաց, որ ինքը Shamshyan.com-ի տեղեկությունները չի մեկնաբանում, իսկ լրագրողի դիտարկմանը, թե պատկան մարմինը դուք եք, ձեզանից ենք ակնկալում տեղեկության հաստատում կամ հերքում, պարոն Սենոր Հասրաթյանն անջատեց հեռախոսն ու հարցը թողեց անպատասխան։