ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սևանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաև Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ու ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին»,– նշված է հոդվածում:
Ըստ պարբերականի` Արաքս Դիլանյանն էլ հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին ու Գագիկ Կարապետյանին:
«Եվ ահա մեզ երեկ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին»,– գրում է թերթը:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: