ԵՐԵՎԱՆ, 13 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից, չհայտարարված այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ։
«Բացահայտվել է, որ կենտրում կա գերբնակեցվածություն, կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն»,–ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:
«Հարկ է նաև ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ»,–տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Այս կապակցությամբ հաստատության տնօրինությունը երախտագիտություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հաստատությանը միջոցներ են տրամադրվել Պաշտպանի ներկայացուցիչների նախորդ այցի հիման վրա ներկայացված առաջարկությունների և «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցի արդյունքում: