Խորհրդարանի կազմավորումից հետո հայաստանյան քաղաքական կյանքից կվերանան «սև ու սպիտակների» բաժանումը, «հեղափոխություն–հակահեղափոխություն» տերմինաբանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Կա վարչապետ, որի ցուցակով մարդիկ անցել են խորհրդարան, ու ինքն անձնապես է պատասխանատու հետագա զարգացումների համար։ Կարևոր է, թե իրենք ինչ ծրագիր են բերելու, ինչ փոփոխություններ են անելու։ Մինչ այդ իրենք խոստացել էին փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, Փաշինյանն ասել էր, որ պետք է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցվեն նախագահին, կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարեին, Ընտրական նոր օրենսգիրք ընդունեին»,– հիշեցրեց քաղաքագետը։
Նրա խոսքով, այս ամենը նոր իշխանությունը կարող է հեշտությամբ իրականացնել։ Իսկ հասարակությունը պետք է վերահսկի` որքանով նոր խորհրդարանն ու կառավարությունը տեր կկանգնեն իրենց խոստմանը։