ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Ես հենց նոր դուրս եկա այն դռնից, որից այն կողմ դատավոր Մարինե Պետրոսյանը դարձրել է ՀՔԾ–ի մասնաճյուղ»,– դատարանի դռնփակ նիստից հետո հայտարարեց փաստաբանը։
Նրա խոսքով` անարդար է, որ ծանր հիվանդության առկայության դեպքում մարդուն այսքան երկար պահում են կալանքի տակ վնասը փոխհատուցելուց հետո։
«Բնականաբար ծանր առողջական վիճակում մենք նպատակահարմար չգտանք, որ նա մասնակցի դատավարությանը»,– ասաց Մկրտչյանը` հայտնելով, որ երեկ դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանալուց հետո նրա արյան մեջ շաքարի ցուցանիշը արձանագրվել է 21.6։ Իսկ երեկոյան 23։00-ի դրությամբ, երբ ինքն այցելել է իր պաշտպանյալին, նրա մոտ ցուցանիշը եղել է 22.6։
Մկրտչյանը ևս մեկ անգամ նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշվել է 16 հիվանդություն, որոնց թվում` քաղցկեղ, իշեմիկ հիվանդություն, շաքարախտ, հեռացված է նաև թոքը։ Այս հիվանդությունների առկայության պայմաններում Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը փաստաբանն անմարդկային է համարում։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: