ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստի շահառուների ցանկում և ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակցի կողմից առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.376.000 դրամ, իսկ նույն գործակալության ներկա աշխատակցի կողմից 6.520.000 դրամ գումար:
Դեկտեմբերի 12-ին վերջիններս ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: