ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 47-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով 19/25 ընտրատեղամասում Կարմիր գյուղի բնակչուհի իր հարսի անձնագրի փոխարեն օպերատորին երկրորդ անգամ հանձնել է իր անձնագիրը, որի պատճառով սարքը տպագրել է կրկնակի քվեարկության փորձ:
Նույն վարչությունում ստացված մեկ այլ նյութով ևս արձանագրվել է կրկնակի քվեարկություն փորձ: Մասնավորապես ՝ թիվ 20/19 ընտրատեղամասում տեխնիկական սարքը սպասարկող օպերատորը Ծովագյուղ գյուղի 1940 թվականին ծնված բնակչի անձնագիրը մուտքագրելուց հետո սարքում թղթի բացակայության պատճառով կտրոններ չի տպվել: Օպերատորի կողմից անձնագրային տվյալները մուտքագրել է երկրորդ անգամ, որի արդյունքում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով ևս արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ: 30/49 ընտրատեղամասում Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակչուհին իր անձնագիրը ներկայացնելու փոխարեն ներկայացրել է արդեն ընտրությանը մասնակցած մոր անձնագիրը, ինչի արդյունքում արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին է ստացվել «www.1in.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Անվերահսկելի իրավիճակ՝ Արարատի մարզի 13/5 ընտրական տեղամասում» վերտառությամբ հրապարակումը:
Հիշյալ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի թիվ 13/5 ընտրական տեղամասում ժամը 10.30-ի դրությամբ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ներկայությամբ քաղաքացիները մտնում էին քվեախցիկ, քվերակողին օգնելու համար:
«Մեր դիտարկմանը, որ օգնողները չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահն ասաց, որ գիտակցում է դա օրենքի խախտում է, բայց երբեմն կարելի է խախտել օրենքը՝ ընտրատեղամասում առաջացած խառնաշփոթ վիճակը շտկելու համար: Մեր դիտարկմանը, որ խառնաշփոթն առաջացել է, քանի որ սահմանված 15 հոգուց ավել մարդ կա տեղամասում, հանձնաժողովի նախագահը հերքեց: Ընտրողներից մեկը նույնիսկ բաց քվեարկություն իրականացրեց՝ տեսնելով, որ քվեախցիկները զբաղված են, պատուհանագոգին քվեարկեց և քվեաթերթիկը բոլորի ներկայությամբ դրեց ծրարում: Հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ որակեց՝ համարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի տեղամասում կուտակումներ չառաջանան. «Ոչինչ, գիտեմ, որ օրենքը թույլ չի տալիս, բայց երբեմն կարելի է օրենքը խախտել, որպեսզի այս խառնաշփոթ իրավիճակը վերացնենք» - ասաց հանձնաժողովի նախագահը»,- նշված է հրապարակման մեջ:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժին ստացված նյութերից մեկով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը թիվ 34/14 ընտրատեղամասում տեղեկանալով, որ իր քվերակության համարը թիվ 86-ն է, մոտեցել է մատնահետքի սարքի սպասարկման աշխատակցին, սակայն շփոթվելով 86 թվի փոխարեն նշել է 56, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:
2018թ․ դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին է ստացվել 34/35 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերը։
Նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ին Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի բնակիչ, ծնված 1949թ, տան ճաշասենյակի սեղանից սխալմամբ վերցրել է քվեարկություն կատարած ամուսնու՝ անձնագիրը և գնացել նույն բնակավայրում տեղակայված թիվ 34/35 ընտրատեղամաս։
Անձնագիրը տվել է այն ստուգող սարքի պատասխանատու անձին, ով առանց անձնագիրը ստուգելու, այն անցկացրել է սարքի միջով, որից անմիջապես հետո՝ ժամը 13։59-ին, սարքը արձանագրել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։