ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորին վրաերթի ենթարկելու դեպքից հետո ռուսական օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ կանոններ չեն կիրառվելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Յուրչիկին։
Նոյեմբերի 20–ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա հայտնաբերվել է 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի դին, որը շասսի հարվածից մահացու վնասվածք էր ստացել։ Հայտնում էին, որ տղային արտաքսել են Իսպանիայից, սակայն Մոսկվայում նստեցման ժամանակ նա փախել է, ինչը նրա ողբերգական մահվան պատճառ էր դարձել։
«Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ գոյություն ունեցող կանոններից բացի լրացուցիչ միջոցի կարիք չկա։ Պարզապես պետք է ավելի հստակ կատարել այն, ինչ արդեն գոյություն ունի», – ասա Յուրչիկը լրագրողներին` պատասխանելով համապատասխան հարցին։
Տվյալ պահին քրեական գործով քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ուղղված են ապացույցների անհրաժեշտ բազա հավաքելուն։ Քրեական գործի հետաքննությունը հսկում է քննչական վարչության ղեկավարը։