ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականին առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 425 000 դրամ, որից 354 915 000` Շիրակի, 419 510 000` Լոռու մարզին։
Այս մասին այսօր, Գյումրիում կայացած արտագնա նիստում Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222 654.700 դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին»,– հայտնեց նախարարի պաշտոնակատարը։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 939 574 100 դրամ։ Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1 082 100 000 դրամ:
USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղգործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1 486 900 մլն դոլար:
ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամի միջոցով Շիրակի մարզում 750 000 եվրոյի շրջանակներում բացվել է ՏՏ կենտրոն, որի նպատակն է ստեղծել զբաղվածության հնարավորություններ երիտասարդ գործազուրկ բնակչության համար, ընկերությունների վերապատրաստման միջոցով ընդլայնել մարզում առկա ՏՏ ընկերությունների գործունեությունը։
Ամասիայում բացվել է բրդյա թելերի և կտորի արտադրություն` 549 819 եվրո ներդրմամբ։ «Նախատեսվում է, որ տարեկան կարտադրվի 1,5 տ․գառան բրդի և 4տ․ ոչխարի բրդի թել, 500 կգ բարձրակարգ կտոր։ Գառան բրդի թելը կօգտագործվի գործող և ստեղծվող փոքր ընկերությունների կողմից պայուսակներ, հուշանվերներ, խաղալիքների և այլնի արտադրության համար։ Ներկայումս նշված թելը ներկրվում է Թուրքիայից։ Ոչխարի բրդի թելը կօգտագործվի կարպետագործության, թաղիքագործության և գորգագործության մեջ»,– ասաց Պապիկյանը։
Ֆլորենցիայի համալսարանի Իտալական ուսումնահետազոտական կազմակերպություն 2 084 951 եվրոյի ներդրմամբ բացվել է ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոն` արևային էներգիայի 1 Մվտ հզորությամբ կայանների հիմնմանն ու էներգաարդյունավետ և խնայողական միջոցառումներին աջակցելու համար: