ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներմուծել երկրորդ ուղղաթիռը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը` առաջարկելով այդ նպատակով ընկերության համար սահմանել ներմուծման արտոնյալ պայմաններ:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ նոր ուղղաթիռը օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում և լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման ու նոր աշխատատեղերի ստեղծման համար:
«Այս ընկերությունն արդեն իրականացրել է 1.5 մլրդ դրամի ներդրումներ: Նախատեսվում է իրականացնել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծված են 13 աշխատատեղեր, դրանց թիվը կավելանա 3-ով` 600 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը: Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ընկերությունը ևս 2 ուղղաթիռ է նախատեսում ներմուծել Հայաստան առաջիկայում:
Հիշեցնենք, որ «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունն այս տարվա հունիսին օդանավ շահագործողի վկայական է ստացել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
Ընկերությունը ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր պետք է իրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից: