ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը դարձյալ հետաձգվեց` մինչև քվորումի ապահովումը: Այդ հարցով հրավիրված ԱԺ նիստին այս պահին ներկա է 11 պատգամավոր։
«Գրանցվել է 11 պատգամավոր, քվորում չկա, պետք է սպասենք»,– պատգամավորների գրանցումից հետո հայտարարեց նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նիստը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։ Փաստորեն, Ազգային ժողովը ստիպված է բացականերին սպասել մինչև 14։00-ն։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: