ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց մինչև 14:00-ն: Այդ ժամին է լրանալու ԱԺ կանոնակարգ օրենքով քվորումի ապահովման համար հատկացված ժամանակը:
Իսկ մինչ ներկաները սպասում են իրենց բացակա ընկերներին, լրագրողներն ԱԺ դահլիճից դուրս փորձում են ճշտել, թե ինչու է այս հարցի քննարկումն այսքան քիչ թվով մարդկանց հետաքրքրել:
ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, որն ամենաբազմամարդ խմբակցության նիստին ներկայացած եզակի պատգամավորներից մեկն է, լրագրողների հարցին ի պատասխան վստահեցրեց, որ նիստին չներկայանալու որոշում ՀՀԿ-ն չի կայացրել:
«Եթե նիստը չկայանա, քրեական գործի իրավական ընթացքը դրանից չի ձախողվի»,- ասաց Հարությունյանը:
Նրա համոզմամբ` ԱԺ նիստի տապալումը ոչ թե սաբոտաժ է, այլ ուղղակի պատահականություն`պայմանավորված քաղաքական ուժերի` նախընտրական քարոզչությամբ զբաղված լինելու հանգամանքով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հակառակը, տեղի ունեցածը հենց սաբոտաժ է համարում: «Դիտավորյալ են անում: Չեն գալիս, որ իրենց ընկերոջը չհանձնեն»,- լրագրողներին ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ԱԱԾ–ի` երեկ հրապարակած բացահայտումներին` Սիմոնյանը նշեց. «Գումարն ահռելի է: Չխախտենք, իհարկե, անմեղության կանխավարկածը, բայց ես վստահ չեմ, որ այդ 14 մլն դոլարը միայն մի գրպան է գնացել»:
«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին էլ քվորումի բացակայությունը չի զարմացրել:
«Ակնհայտ էր, որ չեն գալու և նիստ չի լինելու: Ես կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի»,- ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ այդ պարագայում գործող խորհրդարանի բոլոր պատգամավորները կպահպանեն իրենց անձեռնմխելիությունը մինչև նոր ընտրված խորհրդարանի երդման արարողության օրը:
Այսինքն` միայն նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը իրավապահներն Արամ Հարությունյանին ձերբակալելու ու կալանավորելու հնարավորություն կստանան: Մարուքյանը ևս չբացառեց, որ հայտարարված բացահայտումը կարող է մի ամբողջ կոռուպցիոն շղթայի մաս լինել:
ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով հրավիրված ԱԺ նիստին այս պահին ներկա է 26 պատգամավոր` «Ելք», ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության մի քանի ներկայացուցիչներ, ՀՀԿ-ից նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսրով Հարությունյանը, Կնյազ Հասանովն ու ՀՀԿ-ն լքած Շիրակ Թորոսյանը: ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստը շարունակվում է, քվեարկությունը մնում է բաց մինչև քվորումի համար անհրաժեշտ 53 պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ` մինչև 14:00-ն:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել էր, որ 14 մլն դոլար կաշառքի ու այդ փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ իր հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ կասկածներ ունի, որ այդ գումարները հոսել են նաև դեպի վերև: