ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Այսօր`դեկտեմբերի 3–ի առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ թաղամասի բնակիչ, 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել է նրան։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Պարզվել է, որ կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։
Դատախազության տվյալներով` կնոջը ծեծի ենթարկած անձը դիմել է փախուստի։ Այս պահին կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա, սակայն կան վարկածներ, որոնք առաջ են քաշվել հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից,
Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ` Սլաբոդկա թաղամասի բնակիչների խոսքով`կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը երիտասարդ տղամարդ է։ Տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկակոխ գնացել է կնոջ հետևից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել նրան։