ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում բացվեց Լազարյան ակումբի առաջին նիստը։ Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։
Ակումբի ստեղծման նախաձեռնողներից մեկը` Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Հայաստանում շատ կարևոր ներքին զարգացումներ են ընթանում (մասնավորապես` Ազգային ժողովի առաջիկա ընտրությունը)։ Չնայած այդ գործընթացներին` Ռուսաստանը շահագրգռված է տնտեսության, քաղաքականության ու մշակութային կյանքի ոլորտներում կարծիքների փոխանակումը շարունակելու հարցում։
«Մեզ համար կարևոր է նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտների քննարկումը։ Մենք Հայաստանը սիրում ենք անկախ նրանից` ինչ կառավարություններ, նախագահներ ու իշխանություն է այստեղ տիրում», – նշեց Զատուլինը։
Նիստին հրավիրվել են նաև Հայաստանի բարձրագույն իշխանությանը, բայց Զատուլինը հայտնեց, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նիստի մասնակիցներին կհանդիպի վաղը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին Սանկտ Պետերբուրգում է, Իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է նախընտրական քարոզարշավով։