ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասել է Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում՝ մաղթելով հարևան երկրի նախագահին աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ նոյեմբերի 28–ին։
Վերջին տվյալներով` Զուրաբիշվիլին բոլոր ընտրատեղամասերից հավաքել է ձայների 59,52 տոկոսը։ Նրա մրցակից, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,48 տոկոսը։