ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Edison Research ամերիկյան ընկերության ու Gallup International միջազգային ասոցիացիայի հարցումների տվյալներով` Վրաստանի ընտրությունների երկրորդ փուլում վստահ առաջ է ընկել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։
Edison Research–ի տվյալներով` «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի թեկնածու, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համախոհ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել են 45%, իսկ Զուրաբիշվիլիի` 55%։
Gallup International միջազգային ասոցիացիայի տվյալներով` տարբերությունը ոչ թե 10%, այլ 16% է, այսպիսով` Սալոմե Զուրաբվիշվիլին հավաքել է ձայների 58%–ն, իսկ Գրիգոլ Վաշաձեն` 42%։
Հիշեցնենք` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28–ին կայացած ընտրությունների արդյունքում 25 թեկնածուներից ոչ ոք չկարողացավ հաղթահարել 50+1% անհրաժեշտ շեմը։
Երկրորդ փուլ են անցել Զուրաբիշվիլին, որին սատարում է «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ու Գրիգոլ Վաշաձեն` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համախոհը։