ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակները։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, առաջինն ապամոնտաժվել են երևանցիների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի` լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:
Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:
Առաջիկայում նախատեսվում է ապամոնտաժել նաև խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք հատկապես երեկոյան ժամերին վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար:
Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը:
Հետագայում կմշակվեն մայրաքաղաքում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ: