ԵՐԵՎԱՆ, 26 Նոյեմբեր — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականի արդյունքը բավարար չի համարում:
Այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում և ավելացրեց, որ եղան նաև խաղեր, որոնցում մեր հավաքականը լավ տպավորություն թողեց ու հասավ լավ արդյունքի:
Ազգերի լիգայի խաղարկությունում վիճակահանությունից հետո պարզ էր, որ խմբում հաղթողի հիմնական հավակնորդները Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականներն են լինելու: Ու այս երկու թիմերի դիմակայությունում մեր ընտրանին առավելություն ունեցավ մրցակցի նկատմամբ` խփած ու բաց թողած գնդակների գործոնով: Բայց Ջիբրալթարից կրած չարաբաստիկ պարտությունն ու վերջին խաղում Լիխտենշտեյնի հետ ոչ-ոքին մեր հավաքականին զրկեցին խմբից դուրս գալու հնարավորությունից:
Արմեն Գյուլբուդաղյանցի նշեց, որ Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հետ խաղերում մեր հավաքականը, խաղային ու տարածքային առավելության պայմաններում, բաց էր թողնում մրցակցի սուր հակագրոհները, ինչի արդյունքում էլ կոնկրետ այս թիմերի հետ արտագնա խաղերում մերոնք երկուական գնդակ բաց թողեցին: Սակայն մարզիչը այդ սխալները չի անձնավորում` համարելով ամբողջ թիմինը:
«Գրոհելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել պաշտպանությանը, ու միայն պաշտպաններով ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ դարպասը անառիկ պահել: Սա արդեն անհերքելի փաստ է: Սակայն փաստ է նաև այն, որ մեր հավաքականին նոր ու երիտասարդ խաղացողներ են հարկավոր: Հավաքականում սերնդափոխությունը հարկավոր է, սակայն դա պետք է բնական ընթացք ունենա ու արհեստականորեն չարվի: Յուրաքանչյուր սերնդի ֆուտբոլիստ իրավունք ունի խաղալ երկրի գլխավոր թիմում, պարզապես դրա համար շատ կարևոր գործոններ են հարկավոր»,–նշեց Գյուլբուդաղյանցը:
Խոսելով մեր հավաքականի խաղամակարդակի մասին` մարզիչը նշեց` D խմբում հայտնվելը արդեն վկայում է այն մասին, որ մեր թիմի խաղամակարդակը իջել է: «Պետք է մտածել համակարգային փոփոխությունների մասին, ՀՖՖ-ն հիմա բանակցում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկի հետ, ով շատ հնարավոր է դառնա մեր հավաքականի տեխնիկական տնօրենը: Պետք է ծրագիր մշակել և զարգացնել։ Այդպես միայն կարող ենք հասնել արդյունքի»,–նշեց Գյուլբուդաղյանցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին կայանալու է Եվրոպայի-2020 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականին առջևում անհամեմատ դժվար պայքար է սպասվում: