ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 4-րդ խմբում կայացավ վերջին՝ 6-րդ տուրը:
Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղի 9-րդ րոպեին Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից օգտվեց Սարգիս Ադամյանը և գլխի հարվածով բացեց հաշիվը: Իսկ առաջին խաղակեսի նախավերջին րոպեն ճիշտ օգտագործեցին տանտերերը և հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակը Բուչելն էր:
Վարազդատ Հարոյանի կոպտագույն սխալից օգտվեց Հասլերը, որը երկրորդ խաղակեսի 2 րոպեին մեն-մենակ մնաց Հենրի Ավագյանի դեմ և կարողացավ գնդակն ուղարկել դարպասը հաշիվը դարձնելով 2:1:
Մեր հավաքականը հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ միայն կարողացավ խուսափել պարտությունից, երբ Ղազարյանի փոխանցումը ճիշտ օգտագործեց Ալեքսանդր Կարապետյանը և դարձավ գոլի հեղինակ:
Այս խաղում իր նորամուտը նշեց Ալիկ Առաքելյանը, որը դաշտում փոխարինման մտավ խաղի վերջում:
Այժմ Հայաստանի հավաքականը 10 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Զուգահեռ ընթացող խաղում Մակեդոնիան 4-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին և 15 միավորով ունենալով դարձավ առաջինը խմբում և դուրս եկավ փլեյ-օֆֆ: