ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Այսօր կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը բժշկական կենտրոններից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները եղբայրներ են` 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը, որոնք բնակվում են Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տանը։
Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանց դանակահարել է Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը դանակահարվածների փեսան է, որը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան 50-ամյակին, և վիճաբանությունը տեղի է ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ Սահակը իր մոտ եղած փայտով հարվածել է փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: