ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքային գոտում ՀՀ քաղաքացու մահից հետո անվտանգության պահանջների խախտման մասին քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Նատալյա Ֆյոդորովան:
Տղամարդու մարմինը հայտնաբերվել էր օդանավակայանի թռիչքային գոտում Մոսկվա - Աթենք Boeing 737 մարդատար ինքնաթիռի թռիչքից հետո: Մահացածը Հայաստանի քաղաքացի է, որին արտաքսել էին Իսպանիայից:
Հետաքննության վարկածով՝ 25-ամյա տղամարդը Շերեմետևո է ժամանել նոյեմբերի 20-ին Մադրիդից մեկնած չվերթով:
Մոսկվա - Երևան չվերթին գրանցվելուց հետո տղամարդը մյուս ուղևորների հետ գնացել է ինքնաթիռանիստի: Ավելի ուշ, առայժմ չպարզված հանգամանքներում, երիտասարդը կառամատույցային ավտոբուս նստելիս գնացել է անհայտ ուղղությամբ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիների տարածքում: Ինչից հետո ժամը 20-ն անց 10 րոպեին տղամարդը մտել է թիվ 2 գոտի Շերեմետևո օդանավակայանի «Ալֆա» գետնավարման ուղու շրջանում, հայտնվել թափառք իրականացնող Boeing 737 օդանավի տակ և մահացել։
Հարուցվել է քրեական գործ «Տրանսպորտային անվտանգության բնագավառում պահանջների խախտում» հոդվածով: Հետաքննությունը գտնվում է քննչական վարչության ղեկավարի վերահսկողության ներքո: