ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. 2019թ.–ի բյուջեի նախագծի ծախսային մասը պատգամավորների ներկայացրած առաջարկներից ու կառավարության վերանայելուց հետո ավելացել է 5.9 մլրդ դրամով` նախորդ նախագծի տրիլիոն 642 մլրդ դրամի փոխարեն կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։
Այս մասին այսօր ԱԺ–ում, բյուջեի նախագծի վերանայված տարբերակը ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով` 2.5 մլրդ դրամը գիտության ծրագրերի համար նախատեսված ԱԱՀ հաշվարկն է, որ նախկին տարբերակում չէր հաշվարկվել, 2.5 մլրդ–ը ոստիկանության արտաբյուջետային մուտքերն են, որոնք ևս ավելացել են։ Եվս 0.5 մլրդ դրամ էլ ավելացել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոփոխության արդյունքում։ Այդ գումարը նախատեսված էր Երևանի լուսավորության բարելավման ծրագրի իրականացման համար, որի բյուջեն համապատասխանաբար կավելանա 0.5 մլրդ դրամով։
«Տեսակետը, թե հասարակությունը պիտի լինի սպառող, արդարացված չէ, պիտի լինի մասնակից ամբողջ գործընթացին»,– ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ ՀՀ հասարակությունը պետք է աստիճանաբար սովորի մասնակցել պետական բյուջեի ձևավորման ու տնօրինման գործընթացին։
Բյուջեի նախագծի հաստատման համար խորհրդարանը 2 օր ժամանակ ունի։ Կառավարության որոշմամբ հրավիրված արտահերթ նիստը կտևի երկու օր։ Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կկայանա այսօր` նոյեմբերի 21-ին, երկրորդ ու երրորդ ընթերցումները և քվեարկությունները` վաղը` նոյեմբերի 22-ին։