ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է ապրել Երևանում և բնակության վայրը փոխելու մտադրություն չունի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը։
«Հրապարակ» թերթն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքի հետ հաստատվել Մոսկվայում, իսկ նրա երեխաները սովորում են Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում։
«Տարոն Մարգարյանն ապրել է, ապրում է և ապրելու է Երևանում։ Ինչ–որ մեկը նրա` օդանավակայանում նկարված լուսանկարն այնպես է ներկայացրել, թե հեռացել է Հայաստանից։ Նման բան չկա», – ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` այդ տեղեկությունը սուտ է, ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է մեկնել ուր ցանկանա։
Հետաքրքրվեցինք` իսկ ինչո՞վ է հիմա զբաղվում Մարգարյանը և ինչո՞վ է մտադիր զբաղվել հետագայում։ Գևորգյանը պատասխանեց. «Եթե հանրությանը հետաքրքրող գործունեությամբ զբաղվի, անպայման կտեղեկացնենք»։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր ներկայացրել։