ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի արտադրանքը շարունակում է մեծ պահանջարկ վայելել Կրասնոդարի երկրամասի բնակիչների շրջանում, իսկ «թավշյա հեղափոխությունը» չի ազդել հանրապետության և ռուսական այդ շրջանի միջև համագործակցության վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կրասնոդարի երկրամասի Արտահանման աջակցության համակարգման կենտրոնի տնօրեն Ռոման Վորոտնիկովը։
«Մենք Հայաստանից բավական մեծ ծավալի արտադրանք ենք ստանում, որը մեծ պահանջարկ է վայելում մեզ մոտ։ Ի դեպ, Կրասնոդարի երկրամասից Հայաստան արտահանվող ապրանքը նույնպես տարածված է», – ասաց Վորոտնիկովը։
Նրա խոսքով` ներկա պահին երկրամասը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ առևտրատնտեսական և բիզնես ոլորտում։ Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունն ամեն տարի մասնակցում է ցուցահանդեսների, էքսպոների, գործարար առաքելություններով այցելում է երկիր։ Հետևաբար, աճում է նաև ապրանքաշրջանառությունը։
«Վերջին շրջանում գյուղատնտեսական արտադրանքի արտահանում է իրականացվում Հայաստան։ Առաքում են հացահատիկ, շինանյութեր, քիմիական արտադրանք։ Իսկ Հայաստանից առավել մեծ պահանջարկ են վայելում քաղցրավենիքը, չրերը», – ասաց Վորոտնիկովը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» չի անդրադարձել համագործակցության կամ բիզնեսի վրա։
«Ապրանքաշրջանառության և համագործակցության վերաբերյալ վերջնական վիճակագրությունը հայտնի կլինի 2019թ–ի սկզբին։ Բիզնեսն ամենից առաջ գնահատում է ռիսկերը, եկամուտները, կորուստները, տարբեր երկրների քաղաքական իրավիճակն այդքան շատ չի ազդում ձեռնարկատիրական գործընթացների վրա», – ասաց Վորոտնիկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի միջև առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011թ–ին։
Սա համագործակցության առաջին փորձը չէ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև։ 2019թ–ին կստորագրվի համաձայնագիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Սարատովի շրջանի միջև։ Նախատեսվում է նաև գործարկել ուղիղ չվերթներ Սարատովից Երևան։