ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 13-ին, ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարդանյանի հրաժեշտի արարողությունը կազմակերպվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
62 տարեկան Յուրի Վարդանյանը մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին:
Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։
1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից, նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։