ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Զբոսնելով Երևանի գողտրիկ փողոցներով՝ ես հանկարծ նկատեցի մի ոչ մեծ շենք՝ հսկայական պատուհանով։ Ինտերիերի վառ փիրուզագույն երանգը և բազմաթիվ հետաքրքիր աքսեսուարները, որոնք տեսա պատուհանից, գրավեցին ուշադրությունս և ստիպեցին ներս մտնել։
Դռան մոտ ինձ դիմավորեց բարեհամբույր աղջիկ։ Տարածքից համեղ հոտ էր գալիս, ջազ էր հնչում։ Պարզվեց, որ դա խոհարարական ստուդիա է, և ընդամենը մի քանի րոպե անց այստեղ սկսվելու է մոլեկուլյար խոհանոցի վարպետության դաս։ Ես շատ էի ուզում մնալ, և, բարեբախտաբար, համոզելու հարկ չեղավ․ ակնոցով հաճելի երիտասարդը՝ Համլետ Մարգարյանը, որն արտաքուստ ավելի շատ նկարիչ էր հիշեցնում, ինքը հրավիրեց ինձ մնալ և մասնակցել ճաշատեսակներ պատրաստելու գործընթացին։
Աստիճանաբար սկսեցին հավաքվել հյուրերը։ Առաջին բանը, որն արեց խումբը, բացեց սպիտակ չոր գինու շիշը և հյուրերին ծանոթացրեց միմյանց հետ։ Պարզվեց, որ այստեղ եղել են բժիշկներ, ծրագրավորողներ, մենեջերներ և, իհարկե, լրագրող։
Վիրաբույժից բացի բոլորին պետք էր սովորեցնել, թե ինչպես ճիշտ պահել դանակը։ Դա առաջին բանն է, ինչը սովորեցնում է Համլետը աշակերտներին։ Նա բաժանում է աշխատանքը վարպետության դասի մասնակիցների միջև, և յուրաքանչյուրն անցնում է իր առաջադրանքին։ Մեկը սունկն է կտրատում, մյուսը՝ ծաղկակաղամբը, երրորդն առավելագույն ջանքեր է գործադրում՝ պարմեզան պանիրը քերիչով անցկացնելու համար։
Մասնակիցների գործողություններին, ցուցումներին և տարբեր խորհուրդներին հետևելու ընթացքում, օրինակ, այն մասին, որ ծովային կակղամորթ պետք է տապակել ամեն կողմից 25 վայրկյան, այլապես դրանք ռետինի նման պնդանում են, շեֆ նկարիչը պատասխանում է հարցերին։
Պարզվում է, որ Համլետը երազել է դառնալ կամ լուսանկարիչ, կամ խոհարար, արդյունքում կանգ է առել երկրորդի վրա՝ առաջին զբաղմունքը թողնելով որպես հոբբի։ Նույնիսկ Instagram-ի իր էջը նա վերածել է իր պատրաստած ճաշատեսակների լուսանկարի ցուցահանդեսի։
Նա որոշել է նկարելու հանդեպ սերը դրսևորել խոհանոցում, և հիմա իրեն անվանում է ֆուդ ոճաբան։ Նույնիսկ խոստովանեց, որ ի տարբերություն մյուս խոհարարների նա չի երազում Միշլենի աստղի մասին։ Ասում է, որ հաճախ հանդիպում են անմոռաց համով ճաշատեսակներ, ինչը չես ասի դիզայնի մասին։ Նա շատ բծախնդիր է կերակրատեսակների ձևավորման հարցում և մանրամասն մտածում է դեկորը, սոուսների գույնը և մանրակրկիտ ընտրում մատուցման համար սպասքը։ Եվս մի առանձնահատկություն․ նա նախընտրում է պատրաստելիս սև ձեռնոցներ դնել, և ընդհանրապես պաշտում է այդ գույնը։
«Միշտ հիշեք մանրուքների մասին։ Դրանք կարող են զարդարել ճաշատեսակը կամ, հակառակը, փչացնել այն։ Երբեմն մթերքները գույնով հարմար են ճաշատեսակը զարդարելու համար, բայց կարևոր են նաև համային որակները և համադրությունները։ Դրանք չի կարելի հաշվի չառնել», - բացատրում է ֆուդ ոճաբանը և բարակ մատներն այրելով շրջում է ծովային կակղամորթները։
Համլետն ակտիվորեն տեղաշարժվում է խոհանոցում, մի գործողությունից անցնում մյուսին՝ չմոռանալով նոութբուքի մասին, որպեսզի փոխի երաժշտական կոմպոզիցիան։ Նրա համար կարևոր է, թե ինչ երաժշտություն է հնչում ուտելիք պատրաստելու ժամանակ։ Դրանից հետո նա վերադառնում է և պատմում, թե ինչպես անկրկնելի համ հաղորդել ռիզոտոյին, ինչպես ճիշտ կտրատել բազուկը կարպաչոյի համար և ինչով է տարբերվում ագար-ագարը դոնդողանյութին։
Մեր ֆուդ ոճաբանն ամենահետաքրքիրը ցույց տվեց վերջում՝ խավիար նեխուրի հյութից։ Բնականաբար, կատակներ տեղացին արհեստական խավիարի արտադրության գործարանի մասին, բայց պատրաստման պարզ, բայց երկար ու հետաքրքիր գործընթացի ավարտից հետո բոլորը գիտակցեցին, որ դա լավ գաղափար չէ։ Միաժամանակ, պարոն «Սև ձեռնոցները» նախապատրաստեց ճաշատեսակը մատուցելու ափսեները և ցուցադրեց դիզայնի ոլորտում իր կարողությունները։
«Ափսեն կտավ է, որը զարդարելը կարող է քիչ ժամանակ պահանջել, բայց կարող ես ճաշատեսակին կատարյալ տեսք հաղորդել», - ասում է նա՝ սրբելով գոլորշուց քրտնած ակնոցը։
Համլետը լավ ծանոթ է ֆրանսիական և իտալական խոհանոցին։ Հիմա մտադիր է խորանալ հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերն ուսումնասիրելու մեջ։ Դրա համար անսովոր ուղի է ընտրել․ շրջելու է Հայաստանի գյուղերով և սովորելու տատիկներից, թե ինչպես պատրաստի ազգային ճաշատեսակները։ Շեֆը համոզված է, որ հայկական խոհանոցը կարելի է հայտնի դարձնել ամբողջ աշխարհում։ Նա իր երազանքը հենց նրա հետ կապում է, բայց առայժմ չի շտապում բացահայտել իր ծրագրերը։
«Ամենալավը դեռ առջևում է, թեև անցյալում ամեն ինչ գեղեցիկ է եղել և ճաշակով», - ասում է նա և հանում խոհանոցային գոգնոցը։
Եվ ես նկատում եմ, թե ինչպես է դրսից մեզ նայում երիտասարդ կին, որը զբոսնում է շան հետ և փորձում հասկանալ, թե ինչ հետաքրքիր բան է կատարվում ներսում։ Եվս մի հետաքրքրասեր։